Սիրիայում Ասադի տապալումից հետո կանցկացվի առաջին ընտրությունը

Սեպտեմբերի 15-20-ը Սիրիայում կանցկացվի Ժողովրդական խորհրդի  վաղաժամկետ ընտրություն։ Այդ մասին հուլիսի 27-ին հայտնել է Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունիսին ձևավորված երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Թահ ալ Ահմադին:

Մեկ օր առաջ ալ-Ահմադը ներկայացրել էր Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ ընտրություն անցկացնելու ծրագրերը։ Երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ աշ-Շարաայի կողմից համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո երեք շաբաթվա ընթացքում Սիրիայում կձևավորվեն ընտրական մարմիններ, որից հետո թեկնածուները կկարողանան համապատասխան հայտեր ներկայացնել և բանավեճեր անցկացնել:

Ծրագրի համաձայն՝ Հանրապետության Ժողովրդական խորհուրդը կներառի 210 խորհրդարանականի։ Ընդ որում՝ նրանց միայն երկու երրորդն է ընտրվելու քաղաքացիների քվեարկության արդյունքում, մնացած 70-ին նշանակելու է երկրի նախագահը: Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի նոր օրենսդրության ձևավորման համար և կաջակցի երկրի մշտական Սահմանադրության ստեղծմանը:

Թուրքական TRT մեդիաընկերությունը նշում է, որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերին աշ-Շարաան ընդունել էր, որ Սիրիայում խորհրդարանական ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել միայն մի քանի տարի անց։ Բաշար Ասադին տապալած իսլամիստների առաջնորդը որոշումը բացատրել է մինչ այդ երկրում մարդահամար անցկացնելու և նոր Սահմանադրություն պատրաստելու անհրաժեշտությամբ:

Հեռուստաալիքը ենթադրում է, որ Սիրիայի իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը կարող է կապված լինել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների ճնշման թուլացման հետ: ԵՄ-ն Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցներ չեղարկեց 2025 թվականի փետրվարին և մայիսին, իսկ Վաշինգտոնն իր գործընկերների օրինակին հետևեց հունիսի վերջին։ Հուլիսի սկզբին էլ Միացյալ Նահանգները աշ-Շարաայի գլխավորած իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ