Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին հումանիտար աջակցության և ականազերծման համար

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Մասնավորապես, Հանձնաժողովի զեկույցում հայտարարվում է, որ «մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտական գործողություններից տուժած տարածքներում, ենթակա է նախնական խորհրդակցության Հատկացումների հանձնաժողովների հետ», ինչպես նաև «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով» տեղահանվածների համար:

Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված:

«ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը շարունակում են չափազանց կարևոր լինել: Համագումարը կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ՝ ապահովելու լավագույն արդյունքը հայ ժողովրդին օգնելու համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան