Եվրահանձնաժողովը մտահոգված է Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկմամբ

Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակից Դարյա Շիպիլովայի հանկարծակի մահվան և Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ մտահոգությունների կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Մոսկվային «հնարավորինս շուտ տրամադրել թափանցիկ զեկույցներ սիբիրյան լաբորատորիայում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ»։ Եվրահանձնաժողովը նախատեսում է Ռուսաստանից ստանալ «հուսալի համաճարակաբանական և մանրէաբանական տվյալներ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ շուտով նախատեսում է Իրկուտսկում տեղի ունեցած միջադեպը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունն այդ երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ։ Ամերիկացի դիվանագետները նաև զգուշացրել են, որ Ռուսաստանում, հատկապես Մոսկվայից դուրս, իր քաղաքացիներին օգնելու ԱՄՆ կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ (ԱՀԿ) սպասում է լրացուցիչ տեղեկության Իրկուտսկի մարզում հնարավոր թոքային ժանտախտի դեպքի մասին: Կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը լրագրողներին հայտնել է, որ Սիբիրում լաբորատորիայի աշխատակցի մահը մտահոգություններ է առաջացրել: Նա չի բացառել, որ նրա մահվան պատճառը կարող է լինել ժանտախտը:

ԱՀԿ-ն կապ է պահպանում Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ, և Ռուսաստանին տեխնիկական աջակցություն է առաջարկել։ Սակայն մտահոգություններին ու օգնության առաջարկներին ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջերս Իրկուտսկի շրջանում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել, և Ռուսաստանում ժանտախտի բռնկում պաշտոնապես չի հաստատվել:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին