ՀՀ վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին:

«Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: Մենք տեսել ենք շատ կոնկրետ ծրագրեր, արդյունքներ: Դրանց մի մասի վերաբերյալ, և մյուսների վերաբերյալ էլ հույս ունենք հանրությունն առաջիկայում ավելի լայն իրազեկված կլինի: Ահա նաև այդ թիմի անդամներից մեկը՝ պարոն Խաչատրյանը, պարոն Խաչատուրյանին փոխարինում է նախարարի կարգավիճակով: Եվս մեկ անգամ պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Պարոն Խաչատրյան շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով և համոզված եմ, որ կապահովեք ծրագրերի շարունակականությունը, արդյունավետությունը: Պարոն Խաչատուրյան, պարոն նախագահ, համոզված եմ, որ Դուք էլ կշարունակեք ոլորտի նկատմամբ Ձեր ուշադրությունը և կնպաստեք բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որը մենք գործնականում միասին ենք կազմում, միասին ենք իրականացնում և միասին ենք դառնանում անհաջողություններից և միասին ենք ուրախանում հաջողություններով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար և նշել, որ դրանք ավելի պարտավորեցնող են:

«Նշանակված նախարարը թիմից է, և համոզված եմ, որ պարոն Խաչատրյանն ամեն ինչ կանի սկսած ծրագրերը շարունակելու համար՝ համոզված եմ, որ նաև Ձեր անմիջական օգնությամբ, որը ես զգացել եմ այս 7 ամսվա աշխատանքների ընթացքում որպես նախարար: Այդ օգնության կարիքը միշտ կա, և Ձեր օգնությամբ կծնվեն նոր գաղափարներ, և դրանք նույնպես իրականություն կդառնան: Մի կարևոր հանգամանք կա, որ կցանկանայի նշել, որը նաև ինձ ոգևորել է: Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է: Եվ, որպես նախարար, ես այդ պատասխանատվությամբ եմ աշխատել՝ զգալով, որ այն ինչ-որ անում ենք, անում ենք կառավարության հետ միասին, կառավարության գաղափարների իրականացմանն ենք նպաստում: Իսկ ինչ վերաբերում է հետագա աշխատանքին, այնպես է ստացվելու, որ ես չեմ էլ կարող հեռու մնալ, քանի որ ես էլ պատասխանատու եմ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի համար, և Հայաստանի Հանրապետությունում իսկապես համերաշխ մթնոլորտ ստեղծելու գործում իմ մասնակցությունը պետք է լինի: Բոլոր դեպքերում իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ իսկապես հաջողություններ, նոր ձեռքբերումներ ունենանք: Ձեր հետ միասին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, ցանկանում եմ հաջողություններ՝ կոլեկտիվի հետ միասին: Համոզված եմ, որ մեծարգո վարչապետի հնչեցրած գնահատականների հետևանքը կլինի այն, որ նորից կարժանանաք այսպիսի գնահատականների», – ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Նախարարությունում կա արդեն ձևավորված թիմ և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, սկսված աշխատանքներ, որի մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել պարոն Խաչատուրյանը, իմ նախկին կոլեգանները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն Չոբանյանի: Եթե այդ ամեն ինչը ճիշտ շարունակենք՝ վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Կարևորը շարունակենք սկսված ծրագրերը և հետագայում արդեն կմտածենք նորերի վերաբերյալ»:

Related posts

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան