Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տևել շուրջ 6-7 ժամ:
Այս մասին հայտարարել է Ռդնախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա մանրամասնել է, որ հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով՝ օգնականների մասնակցությամբ, նաև հավելել՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ինքնաթիռը Մագադանից է մեկնել Անքորիջ։ Ամերիկյան Էնդրյուս ռազմաբայից էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է նախագահական ինքնաթիռով մեկնել Ալյասկա:
Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահին անձամբ է դիմավորելու:
Լրագրողների հերթեր են գոյացել Անքորիջի ռազմաբազայում, որտեղ մի քանի ժամից կսկսվի Պուտինի և Թրամփի հանդիպումը:
Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայում։ Գագաթնաժողովը նախատեսված է սկսել մոտավորապես Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ին (Երևանի ժամանակով 23:30)։ Հիմնական թեման կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։
Ռուսական պատվիրակության կազմում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարներ Անդրեյ Բելոուսովը, Սերգեյ Լավրովը և Անտոն Սիլուանովը, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ռուսական երեք հատուկ չվերթ արդեն ժամանել է Ալյասկա, այդ թվում՝ կրեմլամերձ լրագրողների խումբը։ Դմիտրիևը դրանցից մեկով ժամանել է Անքորիջ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այնտեղ են արդեն նաև Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ինչպես նաև Սիլուանովը:
Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը:
Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Թրամփի պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը: