Գնաճը «ներկրված է», 90 տոկոսով վերաբերում է ներմուծված ապրանքներին. Քերոբյան

Աննա Կոստանյան 2.11.2021 - 14:14
2.11.2021 - 14:14 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ երկրում նկատվող գնաճը 90 տոկոսով պայմանավորված է ներմուծվող ապրանքների բարձր գնով՝  նշելով, որ գնաճը զսպելու ԿԲ-ի ունեցած գործիքներն այս պարագայում բավարար չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քերոբյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կա գնաճի խնդիր: Ըստ էության գնաճի համար առաջին պատասխանատուն Կենտրոնական բանկն է: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այն գործիքները, որ ունի ԿԲ-ն, այս պարագայում կիրառելի չեն»,-ասաց նախարարը:

Նա հիմնավորեց՝ խնդիրը բացարձակապես արտարժույթի փոխարժեքի կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքների ճշգրտումների դաշտում չէ.

«Ընդհանուր գնաճը «ներկրված է», քանի որ 90 տոկոսով վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծված են, իսկ 10 տոկոսով էլ այն ապրանքներին, որոնք կրկին դրսի շուկաներում կտրուկ բարձրացել են, դրա պատճառով տեղական շուկայում էլ գները զուգահեռ բարձրացել են: Այս պարագայում այն գործիքակազմը, որն ունի ԿԲ-ն խիստ անբավարար է, որ հնարավոր լինի պայքարել գնաճի դեմ»,-ասաց Քերոբյանը:

Նա շեշտեց՝ թեև Էկոնոմիկայի նախարարության ուղիղ գործառույթը չէ պայքարել գնաճի դեմ, այնուամենայնիվ, իրենք գործընկերներին ամեն կերպ փորձում ենք օգնել՝ նաև հասկանալով, թե լոգիստիկ ինչ խնդիրներ պետք է լուծվեն: Նախարարը նշեց, որ անգամ ապրանքների գնման համար իրենք են բանակցում՝ օգտագործելով պետության լծակները, որ կարողանան տնտեսավարողներին էժան գնով ապրանք Հայաստան բերելու հնարավորություն տալ:

Անդրադառնալով ավելի վաղ 2021-ի արդյունքում երկնիշ տնտեսական աճի իր խոստմանը՝ Քերոբյանը նշեց, որ անվանական տնտեսական աճը կլինի մոտ 13-14 տոկոս: «Էկոնոմիկայի նախարարությունը գնաճի համար որևիցե ուղիղ պատասխանատվություն չի կրում, բնականաբար մեր թիրախը հենց անվանական տնտեսական աճի բարձր լինելն է: Դա չի նշանակում, որ ես փորձում եմ մանիպուլյացիա անել և ասել, թե այն ժամանակ ի նկատի ունեի անվանական աճ»,-ասաց նա ու առաջարկեց այդ խոսակցությունը թողնել, երբ տարին կավարտվի ու արդյունքները պարզ կլինեն:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ