Փաշինյանը քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021թ. արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով

Հրաչ Սահակյան 25.12.2020 - 22:46
25.12.2020 - 22:46 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե իրենք բիրտ ուժի կիրառմամբ պահել են իշխանությունը։

«Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։ Այս ամենը, սակայն, որևէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց և՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։ Այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ և ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հայտնել է, որ նաև պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը և վարչապետի պաշտոնը կարող է թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

«Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաշարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ