Բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակում տնտեսվարողներին փոխհատուցում կտրամադրվի. պայմանները հայտնի են

Աստղիկ Խաչատրյան 15.10.2026 - 19:22
15.10.2026 - 19:22 դիտում

Գործադիրը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026-2027 թթ. ծրագիրը։ Այն պայմանավորված է ՀՀ ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ։

Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում՝ նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունը ըստ ՀՀ մարզերի։

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ նվազագույնը ոչ պակաս քան 3 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսվարողը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ, աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ, կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ