COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

14.10.2026 - 14:40 դիտում

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, գործընկերներ պետական գերատեսչություններից և միջազգային կառույցներից։

ՄԱԿ-ի դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Համաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպոկենտրոնի կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ