COP17-ը գլոբալ միջոցառում է: Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ առաջնորդում է գլոբալ միջոցառում, գլոբալ նախաձեռնություն: Ակնկալիքները մեծ են, ՀՀ-ն հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք վերաբերում են թե՛ ՀՀ-ում առկա, թե՛ գլոբալ խնդիրներին: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Այս պահին ՀՀ-ն ոչ միայն իր տեսանելիությունն է ապահովում, այլև խոսք է ասում գլոբալ բնապահպանական օրակարգում։ Դա նպաստում է ոչ միայն տվյալ օրակարգի շրջանակներում համագործակցությանը, այլև մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար՝ երկկողմ կապերի ամրապնդման տեսանկյունից։
ՀՀ-ի համար հնարավորություն կա բնապահպանական և ոչ միայն բնապահպանական հարցերի շուրջ 196 կողմի հետ կապեր ձևավորել։ Կան երկրներ, որոնց հետ նախկինում առիթ չենք ունեցել շփումներ հաստատելու, COP17-ն այդ առիթը տալիս է»,- ասաց նա։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև պատմեց, որ շփումներ է ունեցել COP-ը հյուրընկալած երկրների ներկայացուցիչների հետ և պարզել, որ միջոցառումից հետո զբոսաշրջիկների թիվը տվյալ երկրում մի քանի անգամ աճել է:
Անդրադառնալով հարցին, թե COP17-ի անցկացումն ինչպե՞ս է ազդելու Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման վրա, օրինակ՝ օդի աղտոտվածության, փոխնախարարը պարզաբանեց՝ COP17-ի անցկացումն ինքնին չի նշանակում, թե տվյալ երկիրը չունի բնապահպանական խնդիրներ կամ հարցեր։
«Բազմաթիվ երկրներ, որոնք Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմեր են, ունեն բնապահպանական նման խնդիրներ։ COP17-ը կնպաստի նաև ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների հասցեագրմանը»,- ասաց նա։
Հարցին, թե COP17-ին մասնակցելու համար ներկայացուցիչներ կժամանե՞ն Թուրքիայից և Ադրբեջանից, Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղեկացրեց՝ Թուրքիան ու Ադրբեջանը կոնվենցիայի կողմեր են և ազատ են գրանցվելու։
«Այս պահին ես տվյալներ չունեմ՝ գրանցվե՞լ են, թե՞ չեն գրանցվել։ Այս պահին տեղյակ ենք, որ 13 հազարից մի փոքր ավելի գրանցում է եղել, միգուցե գրանցվել են, միգուցե չեն գրանցվել»,- ասաց նա։
