Radio France International-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացների շրջանակում հայտնվելու հարցին։
«Ես գիտեմ ասենք, նույն Սամվել Կարապետյանի հետ կապված, օրինակ, քրեական գործ կա նաև Ֆրանսիայում։ Նշանակու՞մ է դա արդյոք, որ Ֆրանսիայի կառավարությունը Սամվել Կարապետյանին քաղաքական հետապնդումների է ենթարկում։
Ինչ վերաբերվում է ձեր նշած մյուս դեպքերին, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված շատ վաղուցվանից կա քրեական գործ, և այդ թվում 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատական պրոցես է ընթանում։ Իմիջիայլոց վերջերս մենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ստացանք Մարտի 1-ի գործով, որտեղ արձանագրվում է, որ Մարտի 1-ի պատասխանատուները, սպանությունների, ըստ էության պետական մարմիններն են այդ ժամանակաշրջանում գործած։ Եվ ես ձեզ ուզում եմ հետևյալ հարցը տալ. Ռոբերտ Քոչարյանը ամբողջ կյանքում եղել է պաշտոնյա, 10 տարի զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, և արդյունքում նա ունի առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի սեփականություն։ Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ։ Հնարավո՞ր է արդյոք, որ մարդը նախագահ լինելով, 10 տարի զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, մի քանի հարյուր միլիոն դոլար կուտակի։
Ես սովորաբար այդ հարցին պատասխանում եմ հետևյալ կերպ, ես ասում եմ՝ արդեն ավելի քան 8 տարի ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ինչու՞ ես միլիոնատեր չեմ։ Որևէ մեկը կարո՞ղ է էդ հարցին պատասխանել։ Եվ ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը միլիոնատեր։
Գագիկ Ծառուկյանի անունն էլ տվեցիք։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես 2018 թվականին հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել նաև այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համոզված են եղել, որ երկար տարիներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, այդ թվում ձեր նշած մարդկանց անմիջական մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը բառիս բուն իմաստով թալանվել է։ Եվ այդ մարդիկ, այդ մարդկանց թալանածը պետք ա վերադարձվի։ Եվ ընդհակառակը մինչև հիմա այդ մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել արտաքին, ապօրինի հովանավորությունների և Հայաստանի դատաիրավական համակարգում գործած մաֆիայի գործունեության արդյունքներով։ Եվ ես կարծում եմ, այդ թվում 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը հստակ իր կամքը արտահայտեց և պահանջեց, որպեսզի ի վերջո 2018 թվականի հեղափոխության ակնկալիքները իրենց, որ Հայաստանում լինի արդարություն և արդարադատություն, և ոչ թե կոռուպցիայի միջոցով արդարադատությունից խուսափելու անարգել ճանապարհներ, ահա էս օրակարգը պետք է իրացվի։ Եվ Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես են իրենց միլիոնները կուտակել։
Ի միջի այլոց ասեմ նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը։ Եվ այդ համակարգով արդեն բազմաթիվ գույքեր, որոնք նախկինում ապօրինի կերպով օտարված են եղել կամ համայնքներից կամ պետությունից, վերադարձվում են պետությանը և ժողովրդին»,- նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հիմա այդ անձանց դատելը քաղաքական որոշում չէ, ապա Փաշինյանն ասաց. «Գիտե՞ք ինչ, այդ թվում առանց քաղաքական պատշաճ պայմանների որևէ կոռուպցիա չի բացահայտվի և կոռուպցիոն համակարգերի դեմ պայքար չի լինի։ Որովհետև հակառակ դեպքում ասենք, ինչու՞ նախկինում ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է եղել, այլ կոռուպցիա։ Որովհետև, այդ թվում, Եվրամիության և Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները մեզնից ակնկալում են և ակնկալել են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կբերեն կոռուպցիայի հաղթահարմանը, հակակոռուպցիոն համակարգերի ձևավորմանը։ Եվ ի միջի այլոց, ասեմ ձեզ, որ այն գործը, որով կալանքի տակ է գտնվում Ռոբերտ Քոչարյանը, քննում է, և որոշումները կալանքի կայացրել է մի մարմին, որը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է մեր միջազգային գործընկերների պահանջով։ Այսինքն նման մարմին մենք հեղափոխությունից առաջ չենք ունեցել։ Այդ մարմինը կոչվում է Հակակոռուպցիոն կոմիտե։ Այսինքն մեր միջազգային գործընկերներն են ոչ թե պահանջել, այլ նրանք են այդ հարցը բերել օրակարգ, որ Հայաստանին անհրաժեշտ է անկախ Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը դա քաղաքական որոշում է։ Եվ դա ինչ-որ առումով եղել է քաղաքական ակնկալիք եվրոպական գործընկերների կողմից։ Այսինքն այն հակակոռուպցիոն քաղաքականությունը , որը մենք որդեգրել ենք, այդ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում ձևավորել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ կոմիտեն ձևավորվել է մեր եվրոպացի գործընկերների հետ աշխատանքի արդյունքում։ Եվ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմա իր աշխատանքը պետք է բերի կոնկրետ արդյունքների։
Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործը դատարան է ուղարկվել շատ վաղուց։ Բայց նաև մենք գիտենք, որ մենք տեսել ենք դատական գործերի ձգձգումներ, իմիջիայլոց ես Հայաստանի ներսում դրա մասին շատ եմ խոսում։ Մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր ունեն փող, և ընդ որում հիմնականում ապօրինի փող, նրանք նաև կարողանում են օգտագործել որոշակի նախկին կապեր և շատ հարցեր ակնհայտ օրենքից չբխող իրավիճակներ լուծել դատական համակարգում։ Եվ դա տեղի է ունենում այն բանի պատճառով, որ դատավորները Հայաստանում նաև ունեն սահմանադրական պաշտպանություն, և կան դատավորներ, որոնք ակնհայտորեն այդ թվում ընտանեկան կապեր ունեն նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ, և նրանք էդ կապերով շարունակում են գործել։ Նաև սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
