ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցում՝ «Արև» սուպերմարկետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ու այդ ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Այնուհետև ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 18:30-ի սահմաններում Միկոյան 15 շենքի «Արև» սուպերմարկետի մոտ Երևանի բնակիչ 19-ամյա Ջիվան Թ.-ն, Լոռու մարզի բնակիչներ 17-ամյա Արման Հ.-ն, 19-ամյա Հովիկ Հ.-ն, Երևանի բնակիչներ 25-ամյա Լևոն Ա.-ն, 16-ամյա Տիգրան Թ.-ն, 18-ամյա Ավետ Մ.-ն անպարկեշտ վերաբերմունք են դրսևորել Երևանի բնակիչ 37-ամյա մի կնոջ նկատմամբ, ինչի հետևանքով վիճաբանություն է ծագել 37-ամյա կնոջ, նրա 59-ամյա հոր, 60-ամյա մոր միջև, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Ջիվան Թ․-ն և նրա հետ եղած նշված անձինքն ծեծի են ենթարկել 37-ամյա կնոջը, նրա հորն ու մորը, ինչի հետևանքով վերջիններին պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Տեսնելով, որ իրավիճակը շիկանում է, ծեծված կնոջ հայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախազգուշական 2 անգամ օդ է կրակում, որից հետո «ճիվաղները» դիմում են փախուստի։
Կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանում համայնքային ոստիկանները հայտնաբերում են ծեծված կնոջ հորը և տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք ատրճանակը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև «BMW X7» մակնիշի ավտոմեքենան, որով կռվի մասնակիցներից մեկը հեռացել էր դեպքի վայրից։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար։
