Մենք մեզ պետք է մի հարց տանք՝ ինչն է հիմա կարևոր: Արդյոք կարևոր է, օրինակ՝ Անկախության հռչակագրի նախաբանի նպատակադրո՞ւմը, ո՞րն է պատմական արդարության վերականգնումը և կամ ԼՂ-ի և Հայաստանի միավորումը, թե՞ կարևոր է այլ բան. որ ՀՀ-ն լինի, լինի այսօր, լինի վաղը և հարատև: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում, Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարցադրում արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մեր հայրենիքը ՀՀ-ն է, և ուրեմն մեծագույն հպարտությամբ և ամենայն պատասխանատվությամբ ընթերցում եմ Կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»,- ասաց նախարարը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Եղոյանը հայտնեց՝ Կառավարության անդամի երդման առաջարկված տեքստում առաջինից երկրորդ ընթերցում որևէ առաջարկ որևէ խմբակցություն չի ներկայացրել:
Եղոյանի խոսքով՝ դա տարակուսելի է, որովհետև բանավոր մակարդակում բազմաթիվ առաջարկներ են հնչել՝ ջնջել կամ բառեր ավելացնել, սակայն գրավոր որևէ առաջարկ չի արվել:
Եղոյանը, անդրադառնալով տեքստի փոփոխությանը, շեշտեց՝ անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի:
«Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը: Նա պետք է լինի հայ քաղաքական մտքի վերջին դաշնակցականը: Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևության, անկախության և ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը և իրենց գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը, Հայաստանը, ՀՀ-ն և հայ ժողովուրդը երբեք իր պատմության մեջ չեն առնչվել այն աղետներին, որոնց առերեսվել է այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է ամբողջ քաղաքական միտքը և շարունակում է դա անել մինչև հիմա»,- հայտարարեց Արման Եղոյանը, ինչին ընդդիմությունը արձագանքեց տեղից:
Միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին զբաղեցնել իր տեղը և տեղից չարձագանքել, Եղոյանին էլ առաջարկեց չբարձրացնել տոնը:
«Սիրելի՛ դաշնակցական գործընկերներ, տեղից մի՛ արձագանքեք»,- հորդորեց Ռուբինյանը:
