Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

14.09.2026 - 13:07 դիտում

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները, որը Գանձասարը հայտարարել էր աղվանական: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու Հայաստանից պաշտոնական դիրքորոշում չի հնչել դրա վերաբերյալ:

Ղազարյանը հիշեցրեց՝ հարցին արդեն արձագանքել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես սատարում եմ այն պնդումը, որ նման հայտարարությունները, որոնք մեջբերեցիք, չեն նպաստում խաղաղության ուժեղացմանը: Խաղաղությունը կա, բայց այն խնամքի կարիք ունի, և նման հայտարարությունները այդ գործընթացին ոչ միայն չեն օգնում, այլև անհիմն են»,- հայտարարեց պատգամավորը:

Հարցին՝ ինչ է ակնկալում հայկական կողմը, Ղազարյանը ընդգծեց. «Մենք ակնկալում ենք նաև, որ երկու կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ, հատկապես նկատելով՝ որքան է փոխվել Ադրբեջանի խոսույթը այդ իմաստով»:

Սոնա Ղազարյանը հույս հայտնեց՝ Մատենադարանը այդ հարցի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ:

Լրագրողների ճշտող հարցին՝ ինչու հայկական կողմը անհատներից բացի չի դատապարտում ինստիտուտների մակարդակով՝ ԱԺ, ԱԽ և այլն, պատգամավորը նշեց՝ Ռուբինյանը հայտարարությանն արձագանքել է որպես ԱԺ նախագահ:

«Այս հայտարարությունն արձանագրեք որպես Ազգային ժողովի արձագանք: Որպես քաղաքացի՝ ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, զգացումները: Վստահեցնում եմ՝ այդ զգացումները բոլորս էլ ունենք, բայց մենք, որպես խորհրդարան, պետք է նկատենք այն առաջընթացը, որ առկա է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում:

Մենք ունեցել ենք կոնֆլիկտ, ոչ ոք դա չի հերքում, մենք ունեցել ենք ծանր պատմություն, բայց եկեք նկատենք, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կարևորագույն հարցերի շուրջ եկել են համաձայնության և դրանք ամրագրել երկու կարևորագույն փաստաթղթերով: Դա Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է, որտեղ հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, որը, կարծում եմ, կարևոր ձեռքբերում է և արժե դրա մասին խոսել, և խաղաղության պայմանագիրը՝ նախաստորագրված, որտեղ նաև կա անդրադարձ այսօրինակ հարցերին:

Ես կարծում եմ՝ կարևոր է նաև նկատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցել են այնպիսի հարաբերություններ, որտեղ նման հարցերի քննարկումը թողնված է դիվանագետների վրա և ոչ զինվորների, և ես կարծում եմ՝ սա նույնպես կարևոր ձեռքբերում է»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը բարդ պատմությունից հետո բավարար ջանքեր են ներդրել՝ կառուցելու այնպիսի միջավայր, որտեղ խաղաղությունը առկա է և կարիք ունի ինստիտուցիոնալացման, որի ուղղությամբ անհոգնել աշխատում է Հայաստանը և նման վարք է ակնկալում նաև Ադրբեջանից:

«Մենք կարող ենք նկատել նման հայտարարությունները, բայց դրան զուգահեռ առաջարկում եմ նկատել նաև առաջընթացը և խնամքով վերաբերվել խաղաղությանը»,- ընդգծեց Սոնա Ղազարյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը խորհրդարանի նիստերի դահլիճում հայտարարել էր՝ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի:

«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- ասել էր Ռուբեն Ռուբինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ