Ձեզ համար նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր։ Չէ՞ որ նրանք Հենրի Ֆորդից էլ տաղանդավոր բիզնեսմեն են։ Նույնիսկ Հենրի Ֆորդն ասում էր՝ «Ինձ մի հարցրեք՝ առաջին միլիոնը որտեղից, մնացածի հաշվետվությունը ես ձեզ կտամ»։ Էս մեր սուպեր բիզնեսմեններն ասում են՝ մեզ մի հարցրեք։ Դա նորմա՞լ է։ Եթե նորմալ է, բա ես ինչո՞ւ միլիոնատեր չեմ, ժողովուրդ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, որ գրում էիք, որ չգիտեմ՝ ես Ֆրանսիայում առանձնատուն ունեմ, որ Աննան Կանադայում առանձնատուն ունի, որ չգիտեմ՝ որտեղ ինչ ունեմ, այդ ամեն ինչը գիտե՞ք ինչի համար է. այդ ամենի հեղինակն էլ են իրենք՝ ցույց տալու, որ, դե, դա նորմալ է, որ գալիս ես այստեղ, հայտնվում ես, պետք է սկսես միլիոնատեր դառնալ։ Ոչ, դա նորմալ չէ, և չի լինելու այդպես։
Ես մեկընդմիշտ ասել եմ՝ ՀՀ քաղաքացիները, եթե համարում են, որ սխալ է տեղի ունենում, պետք է կանգնեցնեն, իրենք իրավունք ունեն հեղափոխություն անելու։
Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի և մյուս կալուգացի օլիգարխի և Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի՝ ՀՀ քաղաքացիները, եթե համարում են, որ պետք է պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոցներ և պաշտպանեն։ Ամենայն հարգանքով և լրջությամբ եմ ասում, մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից և բերեն իրենց սիրելի և ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, բերեն, տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն։ Ես օքեյ եմ այս սցենարի հետ։ Եթե իրենք դա են ուզում, ժողովրդի որոշումն ինձ համար ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,- նշեց վարչապետը։
