Գարեգին Բ-ի անվան շուրջ քննարկում ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը

24.08.2026 - 17:17 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն Ազգային ժողովի՝ օգոստոսի 24-ի նիստին, խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին, նկատեց, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին չի դիմում «պարոն վարչապետ»-ով, այլ՝ անուն-ազգանունով, բայց դժգոհում է, երբ Գարեգին Բ-ին դիմում են ավազանի անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»-ով:

«Ինչո՞ւ ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիճ Ներսիսյանին դուք դիմում եք՝ նրան անվանելով «ՀԱԵ փաստացի պետ»»,- հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է: Ով ինչից ուզում է, կարող է նեղվել, բացարձակ խնդիր չունեմ: Հիմա «Կտրիճ Ներսիսյան»-ից նեղվում են, ես էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան»… Հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել «Կտրիճ Ներսիսյան»… Պառակտված է ընդդիմությունը, դրա համար հնարավորինս քիչ եմ ասում «Կտրիճ Ներսիսյան»… Եվ սա ժեստ է ընդդիմության հասցեին, հակառակ դեպքում ավելի շատ կասեի՝ «Կտրիճ Ներսիսյան»…»:

Ամեն անգամ, երբ թե՛ իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին անվանում էին ավազանի անունով, ընդդիմադիրները՝ որպես բողոքի ակցիա, ձեռքով հարվածում էին սեղանին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Գարեգին Բ-ին դիմել ավազանի անունով, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին լքել դահլիճը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ակցիայից հետո պարզաբանեց. «Եթե շատ անկեղծ ասեմ՝ մեր մեծագույն ցանկությունն է, որ մենք լիարժեք և լիաթոք «Ամենայն Հայոց կաթողիկոս» ասելու առիթ ունենանք, մենք այլ նպատակ չունենանք քան այն, որ խնդիրը լիարժեք կերպով լուծվի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ