Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացե՛ք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

24.08.2026 - 16:30 դիտում

2026 թվականի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում չի եղել գեթ մեկ մարդ, որն ընտրակաշառք տալու համար նստած լինի բանտում՝ չնայած այն փաստին, որ 2021-ի ընտրությունններից հետո էլ այդ թեմայով քրեական գործեր են հարուցվել:

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դիտարկմանը, թե 2018 հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից էր ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ընտրակեղծիքներից, ընտրակաշառքներից զերծ ընտրությունների անցկացումը, ապա հետաքրքրվեց՝ նախընտրական շրջանում ՀՀ քաղաքացիներին ընդդիմադիր քաղաքական ուժերը գումար են բաժանել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս՝ փորձելով ազդել նրանց ընտրելու իրավունքի վրա, ի՞նչ միջոցառումների պլան է մշակվել, որպեսզի վերջնականապես «ջարդվի այս ցանցի ողնաշարը»:

«Իմ ընկալմամբ՝ արթնացել են հին ցանցի անդամները և փորձել են վերագործարկել այն մեխանիզմները և ցանցը, որոնք գոյություն ունեին ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ: Ի՞նչ ենք պատրաստվում անել այս ուղղությամբ, հատկապես եթե առջևում ՏԻՄ ընտրություններ ունենք»,- հարցրեց պատգամավորը:

Ըստ Փաշինյանի՝ նախորդ շրջանի ընտրակաշառքներից զրո մարդ է նստած, և սա այն դեպքում, երբ դատական համակարգը պատասխանատու է դրա համար:

«Հայաստանում կա՞ գոնե մի մարդ, որ չգիտի՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը նախորդող շրջանի բոլոր ընտրություններում բաժանել է ընտրակաշառք: Բա ո՞նց է այդ մարդը գնացել դատական համակարգով արդարացվել: Ո՞վ է ուզում ասել, որ այդ որոշումը, դատավճիռը կայացվել են ձրի և արդար: Ո՞վ է սրա պատասխանը տալու:

Հիմա էլ ես ասում եմ՝ եթե այս ընտրակաշառքներով որևէ մեկը ազատության մեջ հայտնվի, նշանակում է, որ մենք մեր դատական համակարգը ոչ թե պիտի բարեփոխենք, այլ պիտի քանդենք, զրոյից նորից հավաքենք: Սա այն դեպքն է, երբ կասեն՝ բա ի՞նչ է դատական համակարգը: Սա այն դեպքն է, երբ ՀՀ դատական համակարգն ընտրակաշառքի հովանավոր է, որովհետև այդ դատական համակարգը ստեղծվել է ընտրակաշառատուների կողմից ընտրությունների կեղծման և հանրաքվեի արդյունքների կեղծման արդյունքում…

Ես դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք, ինչո՞ւ պիտի էդ պատասխանը ես տամ: Ինչո՞ւ պիտի ես տամ պատասխանը, թե ինչքան կոռումպացված մարդ կա ՀՀ-ում, միլիոնատերեր են այս դահլիճում նստած»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ