«Այս փոփոխությունների արդյունքում կոռումպացված շրջանակների՝ արդարությունից և արդարադատությունից խուսափելու հնարավորություններն էականորեն կկրճատվեն, եթե չասենք՝ գրեթե կբացառվեն: Սա է պատճառը, որ այդ նույն շրջանակները ջանք ու եռանդ չեն խնայում նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես օտարերկրյա, ավելի ճիշտ՝ ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար:
Նախ պիտի արձանագրեմ, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, և միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ ու ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրություն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ ու ապրելու կանոններ:
Մյուս կողմից` հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում է, նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման, և սա հանրահայտ փաստ է, բայց միթե սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ:
Եկեք հետ գնանք և հետ նայենք Երրորդ հանրապետության պատմությանը: Այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման, այսինքն՝ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել, և ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, ՀՀ բոլոր նախկին իշխանությունները, այն է՝ գործող երկու ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ առաջնորդները, կա՛մ պաշտպանները, կա՛մ ներկայացուցիչներն այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել: Բա ինչո՞ւ են բանակցել, 24 տարի պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով: Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչը, մանավանդ որ նրանց մի մասը ծնվել և մեծացել է Ադրբեջանում: Այս բնորոշումներն անում եմ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունն ի՞նչ անհեթեթ հետևությունների կարող է հանգեցնել:
Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի մի պարզ պատճառով. մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է: Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավել ևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգը այժմ այլևս համապետական օրակարգ է»,- ասաց նա:
