Կառավարության՝ օգոստոսի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին և դրա պատճառներին։
Առաջին փոփոխությունը վերաբերում է արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ Ըստ Փաշինյանի՝ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ ԱԳՆ-ի դեպքում այդպես չէ։
«Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ»,- ասաց նա՝ նշելով, որ տնտեսական օրակարգերի սպասարկումն այս համատեքստում չի ստացվել, մինչդեռ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում։
Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ-ը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ ԱԲ-ն, ըստ Փաշինյանի, ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։
«Նախարարությունում կձևավորվի նաև ԱԲ գրասենյակ։ Լավ լուրն այն է, որ ԱԲ ենթակառուցվածքն այլևս մեզ համար նորությունների և թողարկման մեջ գտնվող նյութ չէ։ Ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում մենք շատ լուրջ և էական զարգացումներ ենք արձանագրել, որովհետև ՀՀ-ում մենք այսօր արդեն ունենք երեք սուպերհամակարգչային կենտրոններ, որոնցից երկուսը ԱԲ գործարաններ են»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ քանի որ ԱԲ-ն զարգանալու է, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ու արտադրության մասին պատկերացումները ևս պետք է վերանայել՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում ձևավորվող նոր միջավայրին, քանի որ սուպերհամակարգչային կենտրոնները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են ծախսում։
Երրորդ փոփոխության համաձայն՝ ԱՍՀՆ-ն կվերանվանվի աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Ըստ Փաշինյանի՝ մարդը պետք է աշխատի, բայց իր բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը, իսկ բարեկեցության մոդելը պետք է լինի «կրթություն-աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ-աշխատանքային վաստակ»։
«Կարևոր է, որ մենք աշխատանքն ու կրթությունն ընկալենք որպես ցկյանս գործընթաց, առավել ևս՝ ԱԲ զարգացման տրամաբանությամբ համաշխարհային նոր պրոբլեմ է ի հայտ գալիս, այն է՝ աշխատատեղերի կրճատումը, որովհետև ԱԲ-ն հանում է տասնյակ, հարյուրավոր, երբեմն՝ հազարավոր մարդկանց գործից, և ոչ մի կասկած չկա, որ մասնավոր հատվածը ծախսերի կրճատման տրամաբանությամբ գնալու է այս ուղղությամբ»,- ասաց նա։
