ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

18.08.2026 - 13:59 դիտում

Ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին:

Այս մասին հայտնել են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից՝ հավելոլով, որ դեսպանը ԱԳՆ է կանչվել օգոստոսի 18-ին։

«Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ հնչող հայտարարությունների առնչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի շրջանակում հեռարձակված ծրագրում հնչած արտահայտություններին», – ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, հիշատակվել են օգոստոսի 7-ին «Спутник» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ներառելու մասին հնչած աբսուրդային հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքում Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բնույթի նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են։

Նշվել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում նմանատիպ հռետորաբանության շարունակությունը նույնիսկ ավելի կոշտ ձևով՝ չնայած նման գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի բազմակի կոչերին և այս հարցի քննարկմանը տարբեր քաղաքական մակարդակներում։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմին են փոխանցվել Ադրբեջանի ակնկալիքները՝ Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա տարածքում Ադրբեջանի հասցեին սադրիչ, սպառնալց և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու նպատակով անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ