Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

19.10.2026 - 11:15 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Մասնավորապես՝ Գ.Ա.-ն մի շարք մտերիմների հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին կվճարվի 15.000-ական ՀՀ դրամ։

Արդյունքում՝ հանրահավաքի ավարտից հետո Գ.Ա.-ն մի շարք մասնակիցների վճարել է խոստացված գումարները:

Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ