Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել: Հույս ունենք՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը:
«Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի հետ կապված՝ այս պահին էլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Դուք գիտեք, որ նորածնին դրել են և թողել-գնացել: Այդ առումով դեռևս պետք է աշխատանքներ իրականացվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել էր մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն, նշանակվել էին համապատասխան հետազոտություններ և բուժում։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել երեխայի վիճակը:
