Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը

17.08.2026 - 12:40 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Սիսակ Գաբրիելյանին: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Սիսակ Գաբրիելյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում: 2016-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2021-ին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

2014 թվականին հունվար-սեպտեմբերին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում որպես լրագրող, 2014-2018 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար:

2019-2021 թվականներին «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով եղել է պատգամավոր, եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: 2021-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով վերընտրվել է պատգամավոր, եղել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 8-րդ գումարման ԱԺ-ում եղել է ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավոր, հեղինակել է 34 օրենքի նախագիծ:

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2008-ին պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Սիսակ Գաբրիելյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ ՀՀ անկախության ընթացքում, նաև անկախացումից 20 տարի առաջ՝ ընդհանուր առմամբ մոտ 50 տարվա ընթացքում, կրթության ոլորտում այն ծավալի աշխատանք չի իրականացվել, ինչպես իրականացվել է 2021-ից մինչև այս պահը: Խոսքը, մասնավորապես, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասին է:

«Նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել մոտ 15 հազարի, իսկ գիտության ֆինանսավորումը կրկնապատկել՝ հասցնելով ՀՆԱ-ի 1 տոկոսի»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ