ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Աննա Կոստանյան 19.10.2026 - 14:41
19.10.2026 - 14:41 դիտում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժին տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, «Կարգո» բեռնային համալիրով, դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք։

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանվել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։

Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։ Մաքսային զննման ընթացքում կազմաքանդվել են արտահանվող բոլոր դռները: Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37․900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքները տեղափոխելու փորձերից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ