Լքված նորածինը ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում, մոտ 2,5 կգ քաշով աղջիկ է. բժիշկ

11.08.2026 - 17:35 դիտում

«Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված և լքված նորածինը, վստահաբար, ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում»:

Այս մասին ասել է «Արմենիա» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը:

Բժշկի խոսքով՝ եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի վերականգնումը կտևի 20-22 օր, որի ավարտից հետո երեխան կտեղափոխվի մանկատուն։

Ըստ Ջերջերյանի՝ երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30-ի, գրանցվել է հիպոթերմիա, որը կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։

Ըստ պրոտոկոլի՝ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել ջերմաստիճանը, իսկ հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է:

Բժշկի խոսքով՝ երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։

Ջերջերյանը, անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին ու թթվածնային ապարատի առկայությանը, նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։ Իրենց հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։

«Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2-4 օր տևի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Նա եղել էր թիթեղների տակ։

ԱՆ-ից հայտնել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP-սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։

Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխային հայտնաբերած քաղաքացին՝ Նարեկ Պետրոսյանը, լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր հայտնել՝ նշելով, թե երեխային այնպիսի տեղ էին դրել, որտեղ երեխաները խաղում են, բնակչություն է լինում, այսինքն՝ այնպես է դրված եղել, որ գտնվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ