Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին

10.08.2026 - 13:15 դիտում

Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Ուզում եմ արձանագրենք, որ սա այս գումարման ԱԺ-ում առաջին դեպքն է, երբ ԱԺ նախագահ կամ տեղակալ ընտրվում է ամբողջ ԱԺ-ի, ոչ թե մեկ խմբակցության կողմից: Սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որն ունի պարոն Վարդևանյանը նախագահությունում»,- հայտարարեց նա:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ուզում եմ հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանն ընտրվի, որովհետև իրավիճակն այնպիսին էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի, և սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել մեծամասնության թեկնածուների օգտին:

Սա ամենևին չէր նշանակում, որ պարոն Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր: Սա ընդամենը նշանակում է, որ մեծամասնությունը համարել է՝ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել՝ անկախ մեր տարաձայնություններից, որոնք գործում են»:

Դիմելով Էդգար Ղազարյանին՝ Ռուբինյանն ասաց՝ պատգամավորի ելույթը վարման կարգի հետ կապ չուներ, ապա խնդրեց չչարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները:

Հիշեցնենք, որ փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ