Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ հարվածը

2.08.2026 - 18:00 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների խնդրանքով հետաձգել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածը՝ Թեհրանի հետ հնարավոր համաձայնության հասնելու նպատակով։

Truth Social-ում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ էր Իրանի դեմ կիրառել «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբների ռազմական ուժ»։ Սակայն, նրա խոսքով, Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ խնդրել են զերծ մնալ հարձակումից, քանի որ ապագա համաձայնագրի հիմնական պայմաններն արդեն համաձայնեցված են։

Թրամփի խոսքով՝ դրանք ներառում են Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացումը։

«Ես համաձայնեցի չեղարկել հարվածը հանուն խաղաղության և ապագա համաձայնության, պայմանով, որ արագ կհասնենք գործարքի։ Իսրայելն էլ է միանում այս հանձնառությանը»,- գրել է նա։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը հայտարարում է Իրանի դեմ հարվածի հետաձգման մասին։ Մայիսին նա նշել էր, որ նման որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի առաջնորդների խնդրանքով։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ը և Իրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր ռազմական գործողությունների 60-օրյա դադար և բանակցությունների մեկնարկ, սակայն մեկ ամիս անց կողմերը փոխադարձ մեղադրանքներից հետո վերսկսել էին ռազմական գործողությունները։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը հրաժարվել էր Իրանի դեմ հետագա հարվածներից, քանի որ նրա թիմը մտավախություն ուներ, որ իրանական պատասխան գործողությունների դեպքում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում կարող են սպառվել։ Սակայն մի քանի օր անց ամերիկյան ուժերը կրկին հարվածներ էին հասցրել Իրանի տարածքին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ