Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։
Նախագահը շնորհավորել է վարչապետին և հաջողություններ մաղթել:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ինձ համար մեծ պատիվ էր ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։

Այդ սահմանադրական ակտը խորհրդանշում է ոչ միայն պետական իշխանության ձևավորման կարևոր հանգրվանը, այլև Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների առջև բացառիկ պատասխանատվություն ստանձնելու առաքելությունը։
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում՝ հավատարմություն Հայաստանի Հանրապետությանը, Սահմանադրությանը, ծառայություն հանրային և պետական շահին, պետականության շարունակական ամրապնդման հանձնառություն և պատասխանատվություն՝ մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ։

Մաղթում եմ Ձեզ անսասան կամք, վճռականություն, ամրություն և տոկունություն՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա պետականության ամրապնդման և մեր ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ ապագայի»,- մասնավորապես ասել է նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիսավորության պայմաններում հրամանագիրը ստորագրելու, ջերմ խոսքերի, վստահության և աջակցության համար:
