ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություններ է արել Իրանի վերաբերյալ: Նա նշել է, որ իրանցիների հետ բանակցելու միակ ճանապարհն ուժի դիրքերից է, իսկ միակ ուժը՝ ռազմականն է։ «Ես չեմ ուզում հիմա բանակցել: Բառացիորեն երկու օր առաջ մենք համաձայնագիր կնքեցինք, իսկ հետո նրանք այն խախտեցին վերջին րոպեին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը պատճառաբանել է, որ եթե չդիմեր ներկա քայլերին, իրանցիները երբեք համաձայնագիր չէին կնքի: «Ինչպես գիտեք, մենք շատ զգույշ ենք վերաբերվում քաղաքացիական բնակչությանը: Ես նրանց ասացի՝ ավելի լավ է գործարք կնքեք, հակառակ դեպքում ձեզ ոչինչ չի մնա: Բայց նրանք շարունակ ստում են, ես նման բան երբեք չեմ տեսել»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը բաց է: «Դրա մուտքն ու ելքը փակ են միայն Իրանի համար։ Մենք արդեն մտածում ենք հիանալի այլընտրանքների մասին, այդ թվում՝ Տեխասի և Ալյասկայի»,-ընդգծել է Թրամփը։
