Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ «Խոսքն անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ, մենք միանշանակ դիտարկում ենք վերջնական հեռանալու հնարավորությունը»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն «խնդրել է չանել դա և գտնել իրավիճակը բարելավելու միջոց»։
Ալիևը կարծում է, որ արդեն երկու տարի է Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում ենթարկվում է «խտրականության», «Ադրբեջանին կողմնակալ են վերաբերվում», և Բաքվի դեմ ԵՄ-ի ներկայացրած պնդումներն «անհիմն» են։
Հունիսի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիագումար նիստում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «քննադատական ձայների ճնշման» և քաղբանտարկյալների թվի զգալի աճի վերաբերյալ։ Վերջին տարիներին ընդունված օրենքները հանգեցրել են «անկախ լրագրության, իրական քաղաքական ընդդիմության, քաղաքացիական դաշտի և խոսքի ազատության ճնշման»,- հայտարարել են ԵԽԽՎ-ում:
Իր ելույթում Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն լիովին կարգավորել է հարաբերությունները Մոսկվայի հետ, որոնք կտրուկ վատթարացել էին 2024 թվականի դեկտեմբերի վերջին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումից հետո։
