Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով

Աստղիկ Խաչատրյան 26.06.2026 - 20:53
26.06.2026 - 20:53 դիտում

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել՝ յուրաքանչյուր կողմից 160 մարդ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ՝ հունիսի 26-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։

«Բանակցային գործընթացի արդյունքում այսօր ազատ է արձակվել 2022 թվականից ի վեր գերության մեջ գտնվող 160 ուկրաինացի զինծառայող: Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի, պետական ​​հատուկ տրանսպորտային ծառայության, ազգային գվարդիայի զինծառայողներ և սահմանապահներ։ Նրանք պաշտպանել են Ուկրաինան Մարիուպոլում և Ազովստալում, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Զապորոժիեի, Կիևի, Չեռնիգովի և Սումիի ուղղություններում»,- գրել է Զելենսկին սոցկայքերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։

Ըստ «Ես ուզում եմ գտնել» նախագծի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմենցովի՝ փոխանակված ռուսների մեծ մասը (93%) պայմանագրային զինծառայողներ են։ Ռուսաստան վերադարձած ռազմագերիների 77%-ը 40-44 տարեկան է, 64%-ը դատվածություն է ունեցել կամ հետախուզման մեջ է եղել, 82%-ը (131 մարդ) գերության մեջ անցկացրել է մոտ մեկ տարի։

«Մեր ելքը» հասարակական շարժման առաջնորդ Իրինա Կրինինան էլ հայտարարել է, որ հազարավոր մարդիկ դեռևս ուկրաինական գերության մեջ են՝ փոխանակմանը սպասելով ավելի քան երկու տարի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ