2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում օրինական ներմուծում չանցած բջջային հեռախոսները չեն աշխատի

Աննա Կոստանյան 25.06.2026 - 18:38
25.06.2026 - 18:38 դիտում

Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ, որի միջոցով բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված հեռախոսները։

Կառավարության նիստում ընդունվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում ամենամեծ ստվերային շուկաներից է, և դրա դեմ անհրաժեշտ են համակարգային ու քաղաքակիրթ լուծումներ։

«Ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կարգավորման հիմնական թիրախը բիզնեսն ու շուկան են։ Միևնույն ժամանակ, անհատների համար կսահմանվեն առանձին կարգավորումներ, որպեսզի անձնական օգտագործման նպատակով հեռախոս ներմուծելու դեպքում խնդիրներ չառաջանան։

«Անհատների դեպքում որևէ լարվածություն առաջանալու կարիք չկա։ Կլինի կարգավորում, թե անձնական օգտագործման համար մարդը ինչ հաճախականությամբ կարող է հեռախոս ներմուծել՝ տարին մե՞կ, թե՞ երկու տարին մեկ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ նախագիծը կքննարկվի նաև ոլորտի ներկայացուցիչների և խորհրդարանի գործընկերների հետ, կլինեն լսումներ, սակայն որոշման կայացումը չի հետաձգվելու։

«2027 թվականի հունվարի 1-ից որոշումը պետք է ուժի մեջ մտնի և պետք է աշխատի»,- ընդգծեց վարչապետը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը։ Դա հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման, ինչպես նաև տեխնիկական և անվտանգային ռիսկերի աճի։

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ, ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։ Համակարգը թույլ կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։

Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։

Բացի այդ, բջջային հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունը հնարավոր կլինի իրականացնել միայն լիազոր մարմնին ծանուցելու պայմանով։ Ըստ նախագծի հիմնավորման՝ մինչ այժմ այդ գործունեությունն իրականացվում էր առանց հստակ կարգավորումների և սահմանափակումների։

Կառավարության գնահատմամբ՝ համակարգի ներդրումը կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, հարկային վարչարարության բարելավմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանը, սպառողների պաշտպանությանը, ինչպես նաև հեռախոսների գողության և խարդախության դեպքերի կանխմանը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ