Հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը։ Այն պետք է մասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին:
Նշելով, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը կանգնած էին Իրանի ժողովրդի և պետության կողքին, Ալիևը որպես դրա վառ օրինակ է գնահատել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ իր հեռախոսազրույցները, ինչպես նաև տարբեր մակարդակներում այլ շփումներն ու համերաշխության դրսևորումները։ Ադրբեջանի ղեկավարը նաև անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների հաջող զարգացմանը։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ երախտագիտություն է հայտնել Իրանի դժվարին ժամանակներում Ալիևի, ադրբեջանական պետության և ժողովրդի ցուցաբերած աջակցության համար։
Հյուրը նշել է, որ պատերազմն Իրանին ցույց տվեց նաև մուսուլմանական երկրների հետ շփումների կարևորությունը: «Պատերազմի ընթացքում Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները: Ադրբեջանը, որպես բարեկամ երկիր, կանգնած էր Իրանի կողքին»,- ասել է Ղալիբաֆը:
Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել ապագայում ադրբեջանա-իրանական կապերի առավել դինամիկ զարգացման վերաբերյալ, գոհունակությամբ ընդգծել, որ Աղբենդ-Քելալե կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է, և Իրանի տարածքով անցնող Արազի միջանցքը ևս կծառայի տարածաշրջանում տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ, քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
