Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հրապարակել են ուղեցույց՝ ինչպես այս սեզոնին խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից:
«Վարակներից պաշտպանվելու համար՝
հաճախ և ճիշտ լվացեք ձեռքերը օճառով ուտելուց առաջ, սնունդ պատրաստելու ընթացքում, դրսից տուն վերադառնալուց և զուգարանից օգտվելուց հետո,
օգտագործեք անվտանգ խմելու ջուր։ Եթե ջրի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, այն նախապես եռացրեք,
մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվացեք անվտանգ խմելու հոսող ջրի տակ,
սննդամթերքը պահեք համապատասխան պայմաններում,
լիարժեք եփեք կամ տապակեք սննդամթերքը,
խուսափեք երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահված սննդից,
հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործեք առանձին տախտակներ, դանակներ և այլ պարագաներ խաչաձև աղտոտումը կանխելու համար,
սնունդ գնեք միայն վստահելի առևտրի կետերից և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին,
ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժումից։
Հիշե՛ք՝ սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքում անձնական հիգիենան, անվտանգ սնունդը և մաքուր ջրի օգտագործումն են»,-նշվում է հայտարարության մեջ։
