Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի նկատմամբ պատրաստվող 21-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում առաջարկում է մինչև 2027 թվականի հունվար անփոփոխ թողնել ռուսական նավթի գործող գնային սահմանաչափը։ Այդ մասին հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նրա խոսքով՝ ռուսական նավթի համար սահմանված «գնի առաստաղի» մեխանիզմը նախատեսում է ավտոմատ ճշգրտումներ՝ շուկայական միտումներին համապատասխան, սակայն այն նախատեսված չի եղել այնպիսի խոշոր ցնցումների համար, ինչպիսին է Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած իրավիճակը։
«Այդ պատճառով առաջարկում ենք մինչև հաջորդ տարվա հունվար ժամանակավորապես դադարեցնել մեխանիզմի վերանայումը։ Սա նավթային շուկաներին հնարավորություն կտա կայունանալ՝ միաժամանակ պահպանելով ճնշումը Ռուսաստանի եկամուտների վրա», – նշել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև առաջարկել է պատժամիջոցների ցանկում ներառել ևս 30 նավ, որոնք, ըստ Բրյուսելի, աջակցում են այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեությանը։ Ներկայումս պատժամիջոցների տակ արդեն գտնվում է 632 նման նավ։
Բացի այդ, քննարկվում են սահմանափակումներ այն նավահանգիստների, օդանավակայանների և նավթավերամշակող գործարանների նկատմամբ, որոնք զբաղվում են ռուսական նավթի առևտրով կամ վերամշակմամբ։
Ռուսական նավթի գնային սահմանաչափը հաշվարկվում է Urals տեսակի նավթի FOB գների հիման վրա՝ Բալթիկ և Սև ծովերի նավահանգիստներում՝ օգտագործելով միջազգային գնագոյացման գործակալությունների տվյալները։ Վերջին վերանայման արդյունքում սահմանաչափը սահմանվել էր մեկ բարելի դիմաց 44,1 ԱՄՆ դոլար և ուժի մեջ էր մտել փետրվարի 1-ից։
Նախաձեռնությունը նպատակ ունի պահպանել գործող պատժամիջոցների ազդեցությունը՝ միաժամանակ խուսափելով համաշխարհային նավթային շուկայում լրացուցիչ անկայունությունից, որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին։
