«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Աննա Կոստանյան 13.05.2026 - 12:49
13.05.2026 - 12:49 դիտում

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Անդակո» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Իսակովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշներ են վերցվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Համաձայն հետազոտության արդյունքների արձանագրության՝ «Աղցան չերի ձիթապտղով» և «Աղցան արև» արտադրատեսակների նմուշները ոսկեգույն ստաֆիլոկոկ (S. Aureus) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, այսինքն՝ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ աղցանի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան չերի ձիթապտղով» և «Աղցան արև» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: «Անդակո» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված աղցանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ