Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը. ԱԳՆ

Աննա Կոստանյան 21.04.2026 - 18:39
21.04.2026 - 18:39 դիտում

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը: Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը, ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ ԵՄ արտգործնախարարների նիստում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ