2026 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է ուժի մեջ դնել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք

28.02.2026 - 17:02 դիտում

Iravaban.netը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ ներքին գործերի նախարարարության կողմից  հանրային քննարկման դրված «Անձը հաստատաող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, ինչպես  նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ընդունել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք, որով կկարգավորվեն ՀՀ տարածքում գտնվող տարբեր խմբերի անձանց՝ ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականների և այլոց, անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված բոլոր հարաբերությունները՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման ընթացակարգը, տրամադրումը մերժելու հիմքերը, անվավեր ճանաչելու կամ գործողությունը դադարելու և բոլոր անհրաժեշտ մյուս հարցերը։ Նախատեսվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի  ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորող միասնական օրենսդրական ակտ։ Անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ իրավակարգավորումները ամրագրված են տարբեր նորմատիվ իրավական ակտերում՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակում։ Անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերը հետևյալն են՝

  • «Քաղաքացու անձնագրի մասին» օրենքը,
  • «Նույնականացման քարտերի մասին» օրենքը,
  • «Օտարերկրացիների մասին» օրենքը,
  • «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը,
  • «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 24․09․2002թ․ ՀՕ-419-Ն օրենքը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821-Ն որոշումը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N  318-Ն որոշումը և այլն։

03.07.2025 թվականին ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՕ-233-Ն օրենքը, որում թվարկվում են, թե որոնք են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուր կատեգորիայի անձի համար նրան նույնականացնող փաստաթղթերը, սակայն այդ օրենքի կարգավորման առարկան չի վերաբերում անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված հարաբերություններին։ Ուստի, այդ օրենքով չեն կարգավորվում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման, անվավեր ճանաչման և մյուս կարևոր հարցերը։

Տարբեր օրենքներ անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ սահմանում են գրեթե նույնաբովանդակ կարգավորումներ։ Մասնավորապես, «Քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքները ունեն նույն կառուցվածքը և նախատեսում են նման կարգավորումներ, ինչը ցույց է տալիս դրանց միասնականացման անհրաժեշտությունը։

Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրին առնչվող հարաբերությունների զգալի մասը փաստացի կարգավորվում է ՀՀ կառավարություն 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ «Քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 9-րդ հոդվածով մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը դադարեցված է օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը)։ Միաժամանակ, նույն օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանվում է, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող է տրամադրվել նաև կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումն ու գործարկումը։

Բացի ՀՀ քաղաքացու անձնագրերից և ՀՀ քաղաքացու նույնականացման քարտերից, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ կարգավիճակ ունեցող անձանց՝ օտարերկրացի, փախստական և այլն, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ միասնական իրավակարգավորումներ պարունակող իրավական ակտ չի գործում։

Նշված խմբերի անձանց նույնականացման փաստաթղթերի վերաբերյալ տարբեր իրավակարգավորումներ պարունակում են համապատասխան խմբի անձանց մասին օրենքները՝ «Օտարերկրացիների մասին» օրենքը, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը և այլն, սակայն այդ օրենքները հիմնականում նշված խմբերի անձանց վերաբերյալ նյութաիրավական կարգավորումներ նախատեսող օրենքներ են, որոնք սահմանում են համապատասխան կարգավիճակը ձեռք բերելու հիմքերը, իրավունքները, պարտականությունները և այլն։ Ուստի նշված կարգավիճակն ունեցող անձանց նույնականացման փաստաթղթերի տրամադրման և այլնի հետ կապված ընթացակարգային հարցերը պետք է ունենան առանձին օրենսդրական ամրագրում։

ՀՀ-ում 03․01․2024 թվականին հայտարարվեց պետություն-մասնավոր գործընկերության մրցույթ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման համար։ Հաղթող ճանաչվեց IDEMIA Identity Security France S.A.S and A.C.I Technology S.a.r.l  կոնսորցիումը, որը հիմնադրեց «Հայփաս» ընկերությունը, որը հանդիսանալու է հենց ՊՄԳ մասնավոր գործընկերը և ըստ ՊՄԳ պայմանագրի իրականացնելու է կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի և այլ փաստաթղթերի տպագրումը, դիմումատուների ընդունելության և սպասարկման ապահովումը, կենսաչափական տվյալների հավաքագրումը և այլն։ Այդ կապակցությամբ, բացի միասնական անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի ընդունումից, անհրաժեշտ է նաև սահմանել իրավական կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն մասնավոր գործընկերոջ դերը և գործունեությունը օրենսդրական և ենթաօրենսդրական մակարդակներում կարգավորելուն։

Պետություն-մասնավոր գործընկերության այլ երկրների փորձի ուսումնասիրությունը հանգեցնում է այն եզրակացության, որ ՊՄԳ մասնավոր գործընկերները, որպես կանոն, իրականացնում են տեխնիկական կամ գործառնական գործողություններ (օրինակ՝ դիմումների ընդունման աջակցություն, կենսաչափական տվյալների հավաքագրման ենթակառուցվածք և հավաքագրման գործընթացի իրականացում, անհատականացում, անձը հաստատող փաստաթղթերի տպագրություն, անվտանգ կանոններով լոգիստիկա և առաքում), մինչդեռ վարչական-իշխանական լիազորությունները մնում են պետական մարմինների իրավասության ներքո (ինքնության որոշման հաստատում, տրամադրման կամ մերժման որոշումներ, խարդախության բացահայտում, անվավեր ճանաչման կամ հետկանչի որոշումներ, ինչպես նաև պարտադիր վարչական վեճերի լուծում)։

Ի՞նչ է առաջարկվում նախագծերով

Նախագծերով առաջարկվում է ընդունել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենք, որով կկարգավորվեն ՀՀ տարածքում գտնվող տարբեր խմբերի անձանց՝ ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականների և այլոց, անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված բոլոր հարաբերությունները՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման ընթացակարգը, տրամադրումը մերժելու հիմքերը, անվավեր ճանաչելու կամ գործողությունը դադարելու և բոլոր անհրաժեշտ մյուս հարցերը։ Ընդ որում, քանի որ տարբեր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացին ներգրավվելու է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքին համապատասխան ընտրված մասնավոր գործընկերը, նոր օրենքը պետք է կարգավորումներ ունենա նաև մասնավոր գործընկերոջ դերակատարման մասին։

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքը, ելնելով անձը հաստատող փաստաթղթի հետ կապված բոլոր հարցերը համապարփակ կարգավորելու պահանջն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է ունենա հետևյալ բաժինները՝

  1. Անձը հաստատող փաստաթղթերի տեսակներ

Կսահմանվեն յուրաքանչյուր կարգավիճակի անձի համար անձը հաստատող փաստաթղթի՝ տվյալ կարգավիճակի անձին համապատասխանող տեսակները՝ ՀՀ քաղաքացի, օտարերկրացի, քաղաքացիություն չունեցող անձ, փախստական և այլն։ Ընդ որում, առանձին կնախատեսվեն յուրաքանչյուր կատեգորիայի անձը հաստատող փաստաթղթերը ներքին օգտագործման և ՀՀ-ից մեկնելու ու ՀՀ վերադառնալու համար։  

       2․Առանձին կարգով կկարգավորվեն յուրաքանչյուր խմբի անձի՝ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կարգը և տրամադրումը մերժելու  հիմքերը

Անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել երեք կարևոր հանգամանքներ․ 

  • Անձը հաստատող փաստաթղթերի գրեթե բոլոր տեսակների տրամադրման գործընթացին ներգրավվելու է մասնավոր գործընկերը, որը իրականացնելու է այս գործընթացում մի շարք կարևոր գործառույթներ, հետևաբար, կարգավորումները պետք է այնպես սահմանվեն, որ հաշվի առնեն նաև մասնավոր գործընկերոջ ներգրավվածությունը և հստակ տարանջատեն փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետական լիազոր մարմնի վարչարարարական և մասնավոր գործընկերոջ կողմից ծառայությունների մատուցման գործառույթները։
  • Անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացի անհրաժեշտ քայլերից է լինելու անձանց կենսաչափական տվյալների՝ ստորագրության, լուսանկարի և մատնահետքերի հավաքագրումը, ուստի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետք է սահմանվեն առանձին իրավակարգավորումներ կենսաչափական տվյալների հավաքագրման կարգի և պայմանների վերաբերյալ։
  • Անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում պարտադիր պայման է անձի հաշվառումը բնակչության պետական ռեգիստրի շտեմարանում և նրա ներկայացրած փաստաթղթերի ու տեղեկությունների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային տվյալներին, հետևաբար, պետք է կարգավորումներ լինեն նաև անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմած անձին բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու և ռեգիստրի տվյալներին անձի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն ապահովելու վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է նաև՝ 

Այս պահին գործող տարբեր օրենքներով անձը հաստատող փաստաթուղթը (օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ) հնարավոր է փոխանակել միայն որոշ սահմանված դեպքերում՝ օրինակ՝ ժամկետի ավարտ, վնասված լինել և այլն։

Նախագծով առաջարկվում է փոխել մոտեցումը․

  • փաստաթղթի փոխանակման սահմանափակ հիմքերը վերացնել,

  • անձին թույլ տալ ցանկացած ժամանակ դիմել և ստանալ նոր անձը հաստատող փաստաթուղթ,

  • դրա համար պարզապես վճարել սահմանված պետական տուրքը։

Այսինքն՝ այլևս պարտադիր չի լինի հատուկ պատճառ ունենալ նոր փաստաթուղթ ստանալու համար։

Միաժամանակ նախատեսվում է, որ եթե անձը երկրորդ կամ հաջորդ անգամ է դիմում փաստաթուղթ ստանալու համար, կարող են կիրառվել ավելի պարզեցված ընթացակարգեր (օրինակ՝ ավելի արագ կամ ավելի քիչ ստուգումներով), քանի որ նրա տվյալները արդեն առկա կլինեն համակարգում։

        3․ Անձը հաստատող փաստաթղթերի անվավերության և գործողությունը դադարելու հիմքեր

Նախագծով առաջարկվում է առանձնացնել երկու տարբեր հասկացություն՝

  1. փաստաթուղթն անվավեր ճանաչելը,

  2. փաստաթղթի գործողության դադարելը։

Ի՞նչ տարբերություն կա

  • Անվավեր ճանաչում նշանակում է, որ փաստաթուղթը այլևս չի համարվում իրավական ուժ ունեցող, օրինակ՝ եթե այն կեղծ է, սխալ տվյալներ ունի կամ պետք է հետ վերցվի։

  • Գործողության դադարեցում նշանակում է, որ փաստաթուղթը պարզապես այլևս չի գործում, օրինակ՝ երբ դրա ժամկետը ավարտվել է։

Ի՞նչ խնդիր կա հիմա

Գործող օրենքներում այս երկու իրավիճակները հստակ տարանջատված չեն։ Օրինակ՝ փաստաթղթի ժամկետի ավարտը նշվում է որպես անվավերության հիմք, մինչդեռ իրականում դա պարզապես գործողության ավարտ է, ոչ թե անվավերություն։

Ի՞նչ է առաջարկվում

Նոր օրենքով նախատեսվում է՝

  • առանձին սահմանել, թե որ դեպքերում է փաստաթուղթը անվավեր ճանաչվում,

  • առանձին սահմանել, թե որ դեպքերում է փաստաթղթի գործողությունը դադարում,

  • հստակ տարբերակել այս երկու գործընթացները, որպեսզի իրավական կիրառումը լինի ավելի պարզ և միատեսակ։

   4․Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ իրավասությունները և փոխհարաբերությունները հանրային գործընկերոջ և անձը հաստատող փաստաթղթի համար դիմող անձանց միջև

Նախագծով առաջարկվում է, որ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավվի նաև մասնավոր ընկերություն՝ պետության հետ համագործակցության (պետություն–մասնավոր գործընկերություն) շրջանակում։

Ի՞նչ է նշանակում սա

Պետական մարմինը կշարունակի ընդունել հիմնական որոշումները, իսկ մասնավոր գործընկերը կկատարի գործընթացի տեխնիկական և սպասարկման աշխատանքները։

ի՞նչ գործառույթներ կունենա մասնավոր գործընկերը

Մասնավոր ընկերությանը նախատեսվում է վերապահել՝

  • դիմումների ընդունումը,

  • անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների հավաքագրումը,

  • տվյալների ստուգումը էլեկտրոնային համակարգերում,

  • դիմումատուի ներկայացրած տվյալների համապատասխանության ճշտումը,

  • կենսաչափական տվյալների (լուսանկար, մատնահետք և այլն) հավաքագրումը,

  • անձը հաստատող փաստաթղթի պատրաստումը և տրամադրումը։

Ի՞նչ կմնա պետական մարմնի իրավասության տակ

Պետությունը կպահպանի հիմնական վերահսկողական և իրավական լիազորությունները՝ օրինակ՝

  • որոշել փաստաթուղթ տրամադրել կամ մերժել,

  • ստուգել կեղծ տվյալների հնարավորությունը,

  • ընդունել վերջնական վարչական որոշումները։

Այսպիսով, նպատակն է արագացնել և տեխնիկապես բարելավել փաստաթղթերի տրամադրման գործընթացը՝ պահպանելով պետական վերահսկողությունը։

Լիազոր մարմնի իրավասությանը առաջարկվում է վերապահել հետևյալ հարցերը՝ հնարավոր կեղծիքների վտանգի դեպքում դիմումատուի կենսաչափական և անձնական տվյալների ստուգումը, հաստատումը կամ գնահատումը, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու, տրամադրումը մերժելու, անձը հաստատող փաստաթուղթն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելը և այլն։

Լիազոր մարմնի դերակատարումը

  • կստուգի դիմումատուի անձնական և կենսաչափական տվյալները, եթե կեղծիքի վտանգ լինի,

  • կորոշի՝ տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, մերժել այն, թե ճանաչել փաստաթուղթը անվավեր։

Այսինքն՝ նույնիսկ եթե գործընթացում ներգրավված է մասնավոր գործընկեր, վերջնական իրավական որոշումները կմնան պետության վերահսկողության տակ։

Վեճերի լուծման կարգը

Եթե անձը համաձայն չլինի մասնավոր գործընկերոջ գործողությունների հետ՝

  1. նախ պետք է բողոք ներկայացնի լիազոր պետական մարմնին,

  2. եթե բողոքը մերժվի լիազոր մարմնի կողմից, անձը կարող է դիմել ՀՀ վարչական դատարան։

    5․«Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքում վերը նշված բոլոր կարգավորումներն ամրագրելուց հետո պետք է ուժը կորցրած ճանաչվեն այլ օրենքներում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման հարցերին վերաբերող իրավակարգավորումները, և այլ օրենքներում անձը հաստատող փաստաթղթերին առնչվող հարցերով պետք է հղում կատարվի անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքին։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, գործողության դադարեցման և այլն հարաբերությունները։ Կկարգավորվեն նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր գործընկերոջ ներգրավմամբ պայմանավորված մի շարք հարցեր։

Բյուջետային ազդեցությունը

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի նույնականացման և իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրում։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ