Պետք է ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ. Սուրեն Պապիկյան

Աննա Կոստանյան 4.12.2025 - 13:38
4.12.2025 - 13:38 դիտում

Կարծում եմ՝ մենք պետք է ելնենք մեր իրողություններից: Տարածաշրջանային երկրներում հարցին տարբեր կերպ են վերաբերվում, մասնավորապես, նրանք ավելի վաղ են շեշտադրումը կատարել պրոֆեսիոնալ բանակի վրա, եթե խոսքը Թուրքիայի, Վրաստանի մասին է: Ադրբեջանը 1,5 տարվան անցում է կատարել 2000-ականներին: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչ իրավիճակ է հարևան երկրներում զինծառայության կրճատման մասով:

«Համեմատվել որևէ մեկի հետ, կարծում եմ, տեղին չէ: Մենք պիտի ավելի շատ ելնենք նրանից, թե մարդկային ինչ ռեսուրսների ու հնարավորությունների ենք տիրապետում, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրները լուծել»,- նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալիզմի վրա շեշտադրում կատարելը ամենակարևոր գործոնն է, որն ընկած է այս նախագծի հիմքում:

«Ժամկետային զինծառայությունը, կարծում եմ, մեզ մոտ մշտապես պետք է պահպանվի, բայց պիտի հանդիսանա աղբյուր պրոֆեսիոնալ բանակի սնուցման համար: Դրա վառ օրինակը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ, և ժամկետային զինծառայողների զգալի հատվածը ինչ-որ փուլում որոշում կկայացնի դառնալ զինվորական:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե զինծառայության կրճատման հետևանքով պատրաստությունը կտուժի, ասաց՝ այն ոչ մի կերպ չի տուժում:

«Ոչ մի կերպ չի տուժում պատրաստությունը: Ամեն ինչ իր բնականոն հունով կշարունակվի»,- խոսքը եզրափակեց Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք՝ օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:

«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ԱԺ ամբիոնից ասել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ