Միջանձնային վեճ՝ Հրազդանում. դանակահարված քաղաքացիներից մեկը մահացել է

Աննա Կոստանյան 8.08.2025 - 14:18
8.08.2025 - 14:18 դիտում

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:

«Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:

Պարզվեց, որ գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։

Խանութում միջանձնային վեճ է սկսվել մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է: Վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել:

Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչն դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4:20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել: Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ