ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի «մեծ» օրինագծին. CNN

2.07.2025 - 12:19 դիտում

Երեքշաբթի՝ հուլիսի 1-ին, ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային արտոնությունների և պետական ​​ծախսերի կրճատման մասին օրինագծին: Չնայած Սենատում հանրապետականների մեծամասնությանը՝ սենատորների ձայները բաշխվել են 50:50-ի: Թրամփի «մեծ և գեղեցիկ օրենքի» աջակցությունը հնարավոր է դարձել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վճռորոշ ձայնի շնորհիվ, հաղորդում է CNN-ը:

Երեք հանրապետական ​​սենատոր Հյուսիսային Կարոլինայից և Կենտուկիից, միացել է դեմոկրատներին ու քվեարկել Սպիտակ տան ղեկավարի առաջարկած հարկային և բյուջետային փաթեթի դեմ:

Քննարկումների ընթացքում սենատորները մի շարք փոփոխություններ են կատարել օրինագծի մեջ, ուստի այժմ այն ​​պետք է կրկին հաստատի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը: Reuters-ի փոխանցմամբ՝ քննարկումը և քվեարկությունը նախատեսված են հուլիսի 2-ին: Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Ներկայացուցիչների պալատը կհետևի Սենատին և կհաստատի Սպիտակ տան նախաձեռնած «մեծ, գեղեցիկ» օրինագիծը։ Նախագահը ձգտում է օրենքը ստորագրել մինչև Անկախության օրը, որը նշվում է հուլիսի 4-ին:

Թրամփի օրինագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է հարկային արտոնությունների երկարաձգում, ներգաղթային ծառայությունների և պաշտպանության ոլորտի ֆինանսավորման ավելացում, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման համար միջոցների հատկացում։

Փոխհատուցումը ենթադրում է պարենային ծրագրերի և կլիմայի պաշտպանության միջոցառումների, ինչպես նաև Medicaid-ի ծախսերի կրճատում, որն օգնում է վճարել աղքատների, հաշմանդամություն ունեցող անձանց, անապահով ընտանիքների երեխաների և սոցիալապես անապահով այլ անձանց բժշկական ծախսերը: Կոնգրեսի գնահատականով՝ 10 տարվա ընթացքում Medicaid ծրագրով բուժպաշտպանությունը կարող է կորցնել մոտ 12 մլն մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ