Հրավերը եղել է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա Երևանում հաջորդ տարվա առաջին կիսամյակին՝ հավանաբար գարնանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, հրավիրե՞լ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ այցելելու Հայաստան, արդյոք կընդունվի՞ հրավերը:
«Որպես կանոն՝ հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին, և, որպես կանոն, բոլոր անդամ պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին:
Հրավերը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու շրջանակներում»,- հայտարարեց փոխարտգործնախարարը՝ նշելով, որ հրավիրյալ երկրների ղեկավարները, որպես կանոն, մասնակցում են գագաթնաժողովին:
Հիշեցնենք, որ Թուրքիա այցի ժամանակ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում է նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: