Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

21.06.2025 - 13:26 դիտում

Ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, գազատար, ինչպես նաև մասնավոր տներ: Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքը ևս հարձակման է ենթարկվել, նախնական տվյալներով՝ «Կինժալ» և «Իսկանդեր» հրթիռներով: Հետևանքների մասին չի հաղորդվում:

Պայթյուններ են լսվել նաև Օդեսայում, որը հարձակման էր ենթարկվել նաև հունիսի 20-ին: Զոհվել էր մեկ մարդ, տասից ավելին վիրավորվել էին: Սումիում անօդաչուների հարվածից երկու հինգհարկանի շենք է վնասվել, մեկ կին վիրավորվել է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական հինգ անօդաչու խոցելու մասին: Ըստ ռուսաստանցի ռազմական փորձագետների՝ ռուսական ուժերն ակտիվ մարտական գործողություններ են անցկացնում Սումիի մարզի գրեթե տասը բնակավայրերում և առաջ են շարժվում ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր՝ իրենց առջև դրված չէ Սումին գրավելու խնդիր, սակայն դա չի բացառվում: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այդ հայտարարությունն անվանել է անհարգալից վերաբերմունք խաղաղության հասնելու Վաշինգտոնի ջանքերի նկատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ