Կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. ավագանու ընտրությունները կանցկացվեն 2025-ի նոյեմբերի 16-ին

20.06.2025 - 12:38 դիտում

Կառավարության որոշմամբ կձևավորվի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը: Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջինիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 20-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց: Նախագծով նախատեսվում է միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և միավորված համայնքի ՏԻՄ մարմինների լիազորությունների ստանձնման համար ժամկետներ, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ ընտրություններից հետո, երբ նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի, ավագանու հաջորդ նիստերին կհաստատվի 2026 թվականի տարեկան բյուջեն:

Խուդաթյանը ներկայացրեց նաև միավորման նպատակը. «Վաղարշապատը նախկինում միավորված է եղել Էջմիածին քաղաքով և 1 գյուղական բնակավայրով: Ժամանակը ցույց է տվել, որ այդպիսի փոքր միավորներն արդյունավետ չեն կառավարման տեսանկյունից, որովհետև նույն դոտացիոն համակարգերը նախատեսում են բազմաբնակավայր համայնքներին ավելի մեծ հատկացումներ:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք վերամիավորումներ ենք անում: Ի միջի այլոց, վերամիավորման պրոցեսը միայն այս դեպքը չէ. առաջիկայում ևս այդպիսի համայնքներ կմիանան իրար»:

Նախարարը նաև հիշեցրեց, որ այսօր ՀՀ-ում համայնքների թիվը 71 է, որից 64-ը միավորված են, փոփոխության արդյունքում համայնքների թիվը ևս մեկով կկրճատվի և կդառնա 70:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 21-ին Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանն ավագանու նիստին հայտնել էր իր պաշտոնաթողության մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ