Ես անձամբ տարբեր ակցիաների ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, բացատրել ենք խնդրի էությունը: Բանն այն է, որ մարդիկ անհանգստանում են փաստաթղթավորել իրենց վաճառքները և իրենց ձեռքբերումները՝ ավելի շատ նախընտրելով մնալ ստվերում: Այս մասին խորհրդարանում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շրջանառության հարկի փոփոխություններին և այդ առնչությամբ քաղաքացիների դժգոհություններին ու բողոքի ակցիաներին:
«Կառավարությունն ընդառաջ գնաց, ներդրեցինք աջակցության 6-ամսյա ծրագիր, որից օգտվելով՝ շրջանառության հարկ վճարողները այդ ժամանակաշրջանի համար կարող էին իրենց հարկային պարտավորությունները նույն մակարդակում պահել, մինչև կհարմարվեն այդ փաստաթղթավորմանն ու նոր հաշվառման ռեժիմին:
Եթե նայում ենք առաջին եռամսյակին, դիմորդները քիչ են, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են մնալ ստվերում, քան դուրս գալ»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ շատերը նույնիսկ չեն հասկանում, որ այս նույն համակարգի պայմաններում իրենց հարկը կարող է նույնիսկ նվազել, իսկ բարձրացումների դեպքում էլ՝ դրանք շատ չնչին են, հետևաբար խոսել այն մասին, որ հարկերը բարձրացել են, տեղին չէ:
«Այստեղ ուղղակի նոր փաստաթղթավորման, գույքագրման նոր ռեժիմի հարմարվելու հարց է: Մենք չենք ուզում, որ ստվերում մնան գործարքները: Իսկ ստվերում մնալու դեպքում խոշորներն էլ են տեղավորվում այդտեղ, մարդիկ էլ են մնում այդ փոքր չափի գործունեության մեջ և հնարավորություն չեն ունենում աճելու և իրենց ներդրումը ունենալու պետական բյուջեի մեջ»,- նշեց ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ իրենք բոլորին ծանուցել են, նույնիսկ ձևերն են մշակել՝ գույքագրելու ապրանքները, էլեկտրոնային եղանակով բոլորի հետ աշխատանք են տանում, պատասխանում են բողոքներին:
Սակայն ամենահետաքրքիրը, ըստ Հակոբյանի, այն է, որ այդ բոլոր բողոքներից հետո, երբ իրենք նայում են վիճակագրությանը, շրջանառության հարկի համակարգում տնտեսվարողների թիվն ավելացել է:
Նրա խոսքով՝ տնտեսվարողները պետք է կարողանան հարմարվել այս նոր ռեժիմին: