Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել. Հռոմի պապը դեռ չի ընտրվել

8.05.2025 - 09:25 դիտում

Մայիսի 7-ի երեկոյան Վատիկանի Սիքստինյան կապելլայում հավաքված կարդինալները Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի թեկնածուների քվեարկության առաջին փուլն են անցկացրել:

Երեք ժամ անց մատուռի տանիքի ծխնելույզից սկսել է սև ծուխ դուրս գալ, ինչը ցույց էր տալիս, որ դեռևս հնարավոր չի եղել պոնտիֆիկոս ընտրել։ Նշենք՝ պատմության մեջ երբևէ առաջին քվեարկությամբ պապ չի ընտրվել:

Հռոմի պապին ընտրելու համար անհրաժեշտ է կարդինալների մեծամասնության՝ երկու երրորդի ձայները, այս դեպքում՝ առնվազն 89-ի։ Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ ամբողջ աշխարհից։

Ամեն օր կարող է տեղի ունենալ մինչև չորս քվեարկություն, հաջորդը նախատեսված է այսօր՝ մայիսի 8-ի առավոտյան։

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխը, որն ուղեկցվում է զանգերի ղողանջով, ազդարարում է նոր Պապի ընտրության մասին։ Որպես կանոն, նոր պոնտիֆիկոսը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատշգամբում իր ընտրվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

Հրապարակում արդեն հավաքվել են հազարավոր հավատացյալներ՝ սպասելով նրա հայտնվելուն։

Պատմության ընթացքում կոնկլավները տևել են մի քանի օրից մինչև մի քանի ամիս՝ կախված Սուրբ Աթոռի թեկնածուների շուրջ անհամաձայնության աստիճանից:

Վերջին տարիներին գործընթացն ավելի քիչ ժամանակ է պահանջում. նախորդ երկու կոնկլավները՝ 2005 և 2013 թվականներին, տևել են երկու օր:

Ներկայիս կոնկլավը ամենամեծն է պատմության մեջ։ Կարդինալների քոլեջն ունի 252 անդամ, բայց միայն 80 տարեկանից ցածր կարդինալները կարող են քվեարկել:

Ընդհանուր առմամբ, այդպիսի կարդինալները 135-ն են, սակայն երկուսը հիվանդության պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը։

Կոնկլավի ամենաերիտասարդ մասնակիցը ուկրաինական ծագումով Մելբուռնի 45-ամյա եպիսկոպոս Միկոլա Բիչոկն է։

Կոնկլավի ընթացքում կարդինալները կապ չունեն արտաքին աշխարհի հետ և արդյունավետորեն մեկուսացված են Սիքստինյան կապելլայում, քանի դեռ չեն ընտրել պոնտիֆիկոս:

Բոլոր ներքին տարածքները, որտեղ կարդինալները հավաքվում, ապրում և ուտում են, խուզարկվել են միկրոֆոնների և այլ էլեկտրոնային սարքերի համար. քվեարկությունն անցկացվում է խիստ գաղտնիության պայմաններում:

Քանի որ առաջին փուլից հետո Պապը չի ընտրվել, կարդինալները քվեարկությունից հետո գնացել են ճաշի, ինչպես նախատեսված էր։

Փորձագետների կարծիքով, հենց ճաշի ժամանակ են տեղի ունենում պոնտիֆիկոսի թեկնածուների մասին հիմնական քննարկումները, և դաշինքներ են ձևավորվում։

Հինգշաբթի առավոտյան կարդինալները նախաճաշելու են, որից հետո պատարագ են մատուցելու և նորից կսկսեն քվեարկությունը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ