Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը

5.05.2025 - 13:41 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ինչպես նշել է նախարարը՝ նախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով:

Նախարարի խոսքով՝ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններից:

«Գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաև առկա չէ սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող և ագրեսիվ առևտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:

Գևորգ Պապոյանի՝ տեղեկացմամբ նախաձեռնությամբ նախատեսվել են կարգավորումներ վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական և կոնտակտային հիմնական մարմին: Նաև ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման և վարույթների քննության առանձնահատկությունները: Սահմանվել է պատասխանատվություն՝ սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար:

Ըստ նախարարի՝ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ:

Նախաձեռնությամբ սահմանվել են նաև այլ կարգավորումներ:

«Կարևորում ենք «Զգուշացման ինստիտուտի» մեխանիզմի ներդնումը: Ներդրվել են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի քիչ վարչարարության իրականացմամբ կանխել իրավախախտումները կամ հասնել դրանց վերացմանը»,- ընդգծել է Գևորգ Պապոյանը և հավելել, որ ներկայացված փաթեթի ընդունմամբ մի կողմից կձևավորվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ, մյուս կողմից՝ մեր երկիրը կապահովի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած ու այս փուլով նախատեսված պարտավորությունների կատարումը:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը, որոնք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Գևորգ Պապոյանը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովի փոխնախագահ, նիստը վարող Բաբկեն Թունյանն առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ բարձրաձայնած դիտարկումներին անդրադառնալ առաջիկայում կայանալիք աշխատանքային քննարկման շրջանակում:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ