Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Աստղիկ Խաչատրյան 20.07.2026 - 20:11
20.07.2026 - 20:11 դիտում

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններն ու առկա մարտահրավերները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում։
Կարևորվել է նաև COP17-ի նախագահության դերը ոչ միայն համաժողովի արդյունավետ անցկացման, այլև կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։
Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահենք նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ