Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Բռնության որևէ ձև՝ լինի դա ֆիզիկական, թե խոսքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է․ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն, անընդհատ որևէ մեկը որևէ թեմայով մի սուտ կասի, այն, վստահաբար, կարող ենք որպես սադրանք ընդունել։ Ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ, որի էությունը ցույց է տալիս, որ կա, այնուամենայնիվ, երկրորդ կողմ՝ խուլիգանության հոդվածով՝ անձինք, ովքեր ներգրավված են և վարույթ է իրականացվում»,- ասաց նա։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետի հորդորով անդրադարձավ նշված միջադեպին։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասաց նա։
Ավինյանն ընդգծեց՝ կարևոր է հաստատել թիմի վարքականոնը։
«Տեխնոլոգիաների շրջանում և տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել, սա չի նշանակում, որ մեր որևէ մկան պետք է ավել շարժում կատարի։ «Մկան»՝ նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ «ունք»-ը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներում։ Մյուս հատվածին անգամ գնահատական չեմ ուզում տալ։ Ամեն օր ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, ինձ, բոլորիս, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու։ Դա չի կարող լինել մեր վարքականոնը»,- ասաց քաղաքապետը։
Քաղաքապետը դիմեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ անդրադառնալով նրա՝ Տիգրան Տեր-Մարգարյանին սատարող հայտարարությանը։
«Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի, այո, ունի կուսակցականներ, ովքեր ելնում են կուսակցական գաղափարախոսությունից, բայց ուզում եմ կրկին բոլորիդ հիշեցնել՝ բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։ Համապատասխանաբար, պետք է խնդրեմ և պահանջեմ՝ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանցից։ Կուսակցական կարող եք լինել երկար ժամանակ․ ձեր այսօրվա պաշտոնը ծառայություն է Երևան քաղաքին։ Ձեր ծառայությունը պետք է լինի գերակա, հետևաբար ձեր հայտարարություններում պահանջում եմ մաքսիմալ զգուշություն։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր։ Երևանի քաղաքապետը չի կարող զուտ կուսակցական տրամաբանությունից ելնի, գործընկերային կամ՝ մեկին սիրում է, մեկին՝ ոչ։ Տարբեր պատճառներով մեկը կարող է դուրս գալ աշխատանքից, այլ մեկն՝ ընդունվել»,- ասաց նա։