Առաջարկվում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները

4.02.2022 - 11:35 դիտում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները և կրթական, գիտական, մշակութային, սպորտային բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության ու համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել դրոշի գործածման պարտավորություն:

Առաջարկվում է նաև կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն առնչվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, բայց որոշ առաջարկներով: Օրինակ՝ առաջարկվում է հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն:

Կառավարության ներկայացուցիչը նշեց նաև, որ մասնավորին դրոշը փակցնել պարտադրելը ենթադրում է նաև որոշակի ծախսեր:

Նախագծի գաղափարն արտակարգ համարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Միաժամանակ, Վարդանյանը նշեց, որ նախագիծը լրամշակման կարիք ունի:

«Այո՛, պետական դրոշի նկատմամբ պետք է տածենք համապատասխան հարգանք, այն պետք է մեզ ուղեկցի բոլոր տոներին: Խնդիրն իրավական ձևակերպումների մեջ է: Ասածս չի դիտարկվում որպես պատճառաբանում, արդարացում նրա, որ դեմ քվեարկեն և այլն: Բայց, ի վերջո, գործ ունենք օրենքի հետ: Կան Կառավարության առաջարկներ: Եթե դրանք ընդունելի են, ապա անհրաժեշտ է նախագիծը լրամշակել, ներկայացնել այն փոփոխությունները, որոնք ընդունելի են բոլորիս համար և կապահովեն որոշակիությունը»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին այն պայմանով, որ սկզբունքային առաջարկները պետք է արտացոլվեն նախագծի վերջնական տարբերակում՝ լրամշակված տեսքով:

Նախագիծն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ